Գեղասահքը բազմապիսի սահաձևերի կատարումով կորագծերով գեղարվեստական սահքն է սառույցի վրա: Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են գեղասահքի 4 տեսակներ՝ տղամարդկանց, կանանց մենասահքեր, զուգասահքեր և մարզական պարեր: Մրցումների ժամանակ երաժշտության ուղեկցությամբ գեղասահորդները կատարում են պարտադիր և կամավոր ծրագրեր:
Գեղասահքի չմուշկները պողպատե շեղբաձև 2 սահուկներ են, որոնք մետաղե հարթ թիթեղիկներով ամրացված են սահքակոշիկներին: Գեղասահորդները 1 կամ 2 չմուշկներով կատարում են վարժություններ՝ բազմապիսի պտույտներ, թռիչքներ ու վայրէջքներ: Զուգասահքի մարզազույգը կատարում է նաև նեցուկներ, վերնետումներ, համատեղ և համաժամանակյա թռիչքներ ու պտույտներ:
Մարզական պարերը նման են զուգասահքին, որտեղ զույգը սահում է երաժշտության տակ, սակայն, ի տարբերություն գեղասահքի մյուս ձևերի, մարզական պարերում բացակայում են թռիչքները, զույգի երկարատև անջատ պարը և այլ տարրեր: Գեղասահորդների ելույթները գնահատվում են 1–6 միավորներով՝ կատարման տեխնիկայի և արտիստականության համար: Մարզիկների գրաված տեղերը որոշվում են նրանց հավաքած միավորների ընդհանուր գումարի արդյունքներով:
Комментариев нет:
Отправить комментарий